Պակիստանցի պաշտոնյաներն ընդգծում են, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի սպասվող վերադարձը Իսլամաբադ գործընթացի մի մասն է. այլ կերպ ասած՝ խոսքը երբեք բանակցությունների տապալման մասին չի եղել, այլ նուրբ դիվանագիտական գործընթացի շարունակության, կարծում է Al Jazeera հեռուստաալիքը:

«Այն, ինչ մեզ հայտնի է, այն է, որ Իրանի արտգործնախարարը Իսլամաբադից մեկնելուց հետո գնացել է Օման, որտեղ մասնակցել է շատ բարձր մակարդակի խորհրդակցությունների։ Այդ քննարկումների արդյունքում նա պետք է կիրակի օրը վերադառնա Իսլամաբադ. համենայն դեպս, այդպես է ակնկալվում», - հաղորդում է լրատվամիջոցը։

Պակիստանցի պաշտոնյաները հեռուստաալիքին հայտնել են, որ երկուշաբթի օրը Իրանի արտգործնախարարը, ամենայն հավանականությամբ, կրկին կհանդիպի Պակիստանի վարչապետի, ինչպես նաև ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի հետ։

Սա, ինչպես ընդգծում է Al Jazeera-ն, ընկալվում է որպես հուսադրող նշան. այսինքն՝ նրանք հույս ունեն, որ սա իսկապես կլինի գործընթացի աստիճանական փուլերից մեկը և կհանգեցնի առաջընթացի։

Հիշեցնենք, որ Աբաս Արաղչին մեկնել էր Պակիստանից՝ առանց ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու։

Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է իր հատուկ բանագնացների այցը Իսլամաբադ։