Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին, որը ժամանել էր Մասկատ՝ Օմանի Սուլթանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցությունների նպատակով, այսօր առավոտյան հանդիպել և բանակցություններ է վարել սուլթան Հեյսամ բին Թարիք Ալ Սաիդի հետ, հայտնում է Աբաս Արաղչիի Telegram-ալիքը:

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի դեմ 40-օրյա պարտադրված պատերազմի փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում միայն անկայունության և պառակտման է հանգեցնում։ Նա նշել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է մշակեն կառուցողական և պատասխանատու մոտեցում՝ առանց ԱՄՆ-ի միջամտության անվտանգության ներքին, կոլեկտիվ մեխանիզմ ստեղծելու համար։

Արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Օմանին՝ դիվանագիտական գործընթացներին աջակցելու հարցում ցուցաբերած պատասխանատու դիրքորոշման, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պարտադրված պատերազմի հարցում ցուցաբերած իմաստուն մոտեցման համար՝ ընդգծելով Իրանի վճռականությունը՝ պահպանելու բարեկամական հարաբերությունները Օմանի և Պարսից ծոցի հարավային տարածաշրջանի այլ երկրների հետ։

Իր հերթին Օմանի սուլթանը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան քաղաքական և պաշտպանական պաշտոնյաների ու Իրանի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում։

Սուլթանն ընդգծել է Օմանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, այդ թվում՝ դիվանագիտական ջանքերին աջակցելու միջոցով, և հույս է հայտնել, որ պատերազմը շուտափույթ և վերջնականապես կավարտվի, և անվտանգությունը կվերականգնվի։

Նա նաև հայտարարել է Օմանի պատրաստակամության մասին՝ այս ուղղությամբ ցանկացած անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին, քննարկվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությանը, Պարսից ծոցի և Օմանի ծովի տարածաշրջանի անվտանգությանը, տարածաշրջանի երկրների տնտեսական համագործակցությանը, ինչպես նաև Պակիստանի միջնորդությամբ պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների զարգացմանը վերաբերող հարցեր։