Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի գրասենյակը հաստատել է, որ նախագահը ձգտում է հասնել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և դատախազության միջև մեղքի ընդունման մասին համաձայնության կայացմանը՝ կոռուպցիայի վերաբերյալ գործով, որն արդեն յոթերորդ տարին է, ինչ քննվում է, հայտնում է Times of Israel-ը:
Հերցոգի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան The New York Times-ի հրապարակման, որտեղ մեջբերվում էին նախագահին մոտ կանգնած աղբյուրները:
«Ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է, նախագահ Իցհակ Հերցոգը կարծում է, որ վարչապետ Նեթանյահուի գործերով կողմերի միջև համաձայնության հասնելը ճիշտ և տեղին լուծում է», - ասված է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:
«Նման կարգավորման շուրջ բանակցությունները կողմերին համաձայնության բերելու փորձի անհրաժեշտ մասն են: Ուստի նախագահը գտնում է, որ նախքան ներման խնդրագիրն ըստ էության դիտարկելը, ճիշտ է սպառել այն գործընթացը, որը կարող է հանգեցնել դատարանից դուրս կողմերի միջև համաձայնության ձևավորմանը», - նշել են Հերցոգի գրասենյակում:
The New York Times-ի հաղորդմամբ, որը հիմնված է «Հերցոգի դիրքորոշմանը ծանոթ իսրայելցի երկու բարձրաստիճան պաշտոնյաների» տրամադրած տեղեկատվության վրա, նախագահը մտադիր չէ մոտ ժամանակներս բավարարել Նեթանյահուի ներման խնդրանքը և գտնում է, որ գոյություն ունեն տարբերակներ, որոնք տարբերվում են այդ հարցը պարզապես ընդունելուց կամ մերժելուց:
Միևնույն ժամանակ, պաշտոնյաները մանրամասներ չեն հայտնել այն մասին, թե ինչ տեսք կարող է ունենալ մեղքի ընդունման հնարավոր գործարքը:





























