Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ նոր անցագրային ռեժիմի գործարկումից հետո Վրաստանին սահմանակից Թուրքիայի շրջանների բնակիչները սկսել են այցելել Բաթումիի կազինոները եւ մեծ գումարներ տանուլ տալ։
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ նոր անցագրային ռեժիմը ուժի մեջ է մտել 2011-ի դեկտեմբերի 1-ից։ Այս 2 ամսվա ընթացքում 150 հազար Թուրքիայի քաղաքացի է մուտք գործել Վրաստան։ Նոր ռեժիմով՝ Թուրքիայի քաղաքացիները կարողանում են առանց անձնագրի մուտք գործել Վրաստան՝ սահմանին ներկայացնելով միայն անձը հաստատող նույնականացման քարտը։
Վրաստանի Բաթումի քաղաքին սահմանակից Թուրքիայի շրջաններում ահազանգում են, որ հազարավոր քաղաքացիներ, ովքեր երբեւէ կազինոյում չեն եղել, հեշտացված անցագրային ռեժիմի արդյունքում հայտնվում են Բաթումիի կազինոներում եւ մեծ գումարները տանուլ տալիս։ Նշվում է, որ Բաթումիի կազինոների խաղացողների 80 տոկոսը թուրքեր են, ովքեր միլիոներ են թողնում այնտեղ եւ ձեռնունայն վերադառնում Թուրքիա։
Սահմանակից շրջանների պատասխանատուները նշել են, թե դիմել են իշխանություններին՝ նախկին անցագրային ռեժիմը վերականգնելու պահանջով։


























