ԱՄՆ ֆոնդային ինդեքսները խառը արդյունքներ են ցույց տվել ուրբաթ օրը․ Dow Jones-ը փակվել է անկմամբ, մինչդեռ S&P 500-ը և Nasdaq-ը բարձրացել են՝ հասնելով ռեկորդային բարձր ցուցանիշի։
Ներդրողները շարունակել են հետևել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, ինչպես նաև գնահատել են ընկերությունների եռամսյակային հաշվետվություններն ու նորությունները։
Ինչպես ցույց են տվել Միչիգանի համալսարանի հրապարակած վերջնական տվյալները, ԱՄՆ-ում սպառողական վստահության ինդեքսը ապրիլին նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 49,8 կետի, սակայն ավելի բարձր է գտնվել նախնական գնահատականից։ Ցուցանիշը կազմել է 49,8 կետ՝ մարտի 53,3 կետի դիմաց (ավելի վաղ հաղորդվում էր դրա անկման մասին մինչև 47,6 կետ)։
S&P 500 ինդեքսի բաղադրիչների թվում ամենակտրուկ աճն արձանագրել է Intel Corp.-ը, որի կապիտալիզացիան ավելացել է 23,6%-ով՝ հաջող եռամսյակային հաշվետվության և լավատեսական կանխատեսումների շնորհիվ։
Advanced Micro Devices-ի բաժնետոմսերը թանկացել են 13,9%-ով, Qualcomm Inc.-ինը՝ 11,1%-ով, Synopsys Inc.-ինը՝ 9,6%-ով, Super Micro Computer-ինը՝ 8,7%-ով, Newmont Corp.-ինը՝ 8,7%-ով, իսկ Constellation Energy-ինը՝ 7,1%-ով։
Նավթարդյունահանման ոլորտին ծառայություններ մատուցող Baker Hughes Co. ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է 6,9%-ով՝ եռամսյակային դրական արդյունքների ֆոնին։
Dow Jones ինդեքսի կազմում աճի առաջատար է դարձել Nvidia Corp.-ը (+4,3%)։
Amazon.com Inc.-ի կապիտալիզացիան ավելացել է 3,5%-ով այն լուրից հետո, որ ընկերության ամպային ստորաբաժանումը՝ Amazon Web Services (AWS)-ը, համաձայնագիր է կնքել Meta-ի հետ՝ AWS Graviton կենտրոնական պրոցեսորների լայնածավալ կիրառման վերաբերյալ։ Meta-ի գնանշումները բարձրացել են 2,4%-ով։
Alphabet Inc.-ի շուկայական արժեքն աճել է 1,6%-ով։ Ավելի վաղ ընկերությանը պատկանող Google-ը հայտարարել էր Anthropic արհեստական բանականության ստարտափում մինչև 40 միլիարդ դոլար ներդնելու մտադրության մասին։
Procter & Gamble Co.-ի արժեթղթերը թանկացել են 2,5%-ով։ Սպառողական ապրանքներ արտադրող ընկերության հունվար-մարտ ամիսների ճշգրտված շահույթն ու հասույթը գերազանցել են շուկայի սպասումները։
Charter Communications-ի բաժնետոմսերն էժանացել են 25,5%-ով՝ արձանագրելով ամենակտրուկ անկումը S&P 500 ինդեքսի կազմում ընկերության հիասթափեցնող եռամսյակային հաշվետվությունից հետո։ ԱՄՆ մալուխային հեռուստատեսության խոշորագույն օպերատորներից մեկը հայտնել է լայնաշերտ կապի բաժանորդների թվի ավելի մեծ կրճատման մասին, քան կանխատեսում էին փորձագետները, ինչպես նաև սպասվածից ցածր մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթի մասին։
Բացասական դինամիկա են դրսևորել նաև Comcast Corp.-ը (-12,9%), Erie Indemnity-ն (-6,1%), Boston Scientific-ը (-5,5%), eBay Inc.-ը (-5,3%), Deere & Co.-ն (-5%) և L3Harris Technologies-ը (-3,9%):
Զգալի կորուստներ են կրել դեղագործական և առողջապահության ոլորտի ընկերությունները, այդ թվում՝ HCA Healthcare-ը (-8,8%), Moderna Inc.-ը (-4%), Universal Health Services-ը (-3,8%), Eli Lilly-ն (-3,7%), ինչպես նաև Merck & Co.-ն (-2,4%), որը դարձել է անկման առաջատարը Dow Jones ինդեքսի կազմում:
Dow Jones Industrial Average-ը առևտրային շրջանի արդյունքներով նվազել է 0,16%-ով՝ հասնելով 49 230,71 կետի:
Standard & Poor's 500-ի արժեքն աճել է 0,8%-ով՝ կազմելով 7 165,08 կետ:
Nasdaq Composite ինդեքսն ավելացել է 1,63%-ով և փակվել 24 836,60 կետի մակարդակում:
Շաբաթվա ամփոփիչ տվյալներով՝ S&P 500-ը բարձրացել է 0,55%-ով, Nasdaq-ը՝ 1,5%-ով, իսկ Dow Jones-ը նվազել է 0,44%-ով:



























