ԱՄՆ դրամահատարանը ոսկի է գնում լատինաամերիկյան թմրակարտելներից՝ խախտելով ամերիկյան օրենսդրությունը։ Նմանատիպ եզրահանգման է եկել New York Times պարբերականը՝ սեփական հետաքննության արդյունքում։

Պարբերականը հիշեցնում է, որ դեռևս 1985 թվականին ԱՄՆ Կոնգրեսն արգելել էր դրամահատարանին ձուլակտորներ պատրաստել արտասահմանյան ծագման ոսկուց։ Այդ որոշման նպատակն էր բացառել այնպիսի մետաղի մուտքը շուկա, որն արդյունահանվել է մարդու իրավունքների ոտնահարմամբ։ Օրենքի ընդունման պահին խոսքն առաջին հերթին վերաբերում էր ապարտեիդի ժամանակաշրջանի Հարավաֆրիկյան Հանրապետությանը։

Այնուամենայնիվ, New York Times-ի տվյալներով՝ ԱՄՆ դրամահատարանն անտեսել է այս օրենքը թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների վարչակազմերի օրոք: Պարբերականը պարզել է, որ գերատեսչությունը ոսկի է ձեռք բերում, մասնավորապես, Կոլումբիայի այն հանքերից, որոնք պատկանում են նարկոկարտելներին: Բացի այդ, հումքը գնվում է Մեքսիկայի և Պերուի գրավատներից, ինչպես նաև Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության այն հանքավայրերից, որոնք մասնակիորեն պատկանում են Չինաստանին:

Հայտնվելով Միացյալ Նահանգներում՝ այս ամբողջ ոսկին վերամշակվում է ԱՄՆ դրամահատարանի ձեռնարկություններում և այդպիսով «դառնում ամերիկյան»: Թերթն ընդգծում է, որ ոսկու ապօրինի արդյունահանումն այսօր ծաղկում է մետաղի ռեկորդային բարձր գների պատճառով. մեկ ունցիայի արժեքն այժմ հասել է 5000 դոլարի, ինչը գրեթե չորս անգամ գերազանցում է տասը տարի վաղեմության ցուցանիշը: