Իլոն Մասկը դատական հայց է ներկայացրել և OpenAI ու Microsoft ընկերություններից 150 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում. հայտնում է Reuters-ը։
Ըստ աղբյուրի՝ ընկերության խոշորագույն ներդրողներից մեկը միջոցներ է ներդրել, որոնք այնուհետև ուղղվել են OpenAI-ի բարեգործական ստորաբաժանմանը։ Դատավարության համար երդվյալ ատենակալների ընտրությունը նախատեսված է երկուշաբթի Կալիֆոռնիա նահանգի Օքլենդի դաշնային դատարանում, իսկ երեքշաբթի սպասվում են ներածական հայտարարությունները։
Այս դատական գործընթացը կարող է բարդացնել OpenAI-ի՝ բաժնետոմսերի հնարավոր հրապարակային տեղաբաշխման ծրագրերը, քանի որ հարցականի տակ է դնում ընկերության ղեկավարման օրինականությունը։
Գործի էությունն այն է, որ Մասկը պնդում է, թե OpenAI-ը և Microsoft-ը շեղվել են OpenAI-ի՝ որպես ոչ առևտրային կազմակերպության սկզբնական առաքելությունից՝ 2019 թվականի մարտին ստեղծելով առևտրային կառույց. դա տեղի է ունեցել Մասկի՝ OpenAI-ի տնօրենների խորհրդից հեռանալուց 13 ամիս անց։
Մասկը հայտարարել է, որ պատասխանողներն իրենից թաքցրել են իրենց ծրագրերը, օգտագործել են իր անունն ու ֆինանսական աջակցությունը սեփական «հարստացման մեքենան» ստեղծելու համար և պետք է փոխհատուցում վճարեն խաբեության համար։
Նա պահանջում է նաև, որ OpenAI-ը կրկին դառնա ոչ առևտրային կազմակերպություն, Սեմ Ալթմանը հեռացվի OpenAI-ի գլխավոր գործադիր տնօրենի, իսկ Գրեգ Բրոքմանը՝ համահիմնադրի պաշտոններից, միաժամանակ Ալթմանը դուրս գա տնօրենների խորհրդի կազմից։
OpenAI-ի իրավաբանները հակադարձում են՝ պնդելով, որ Մասկին դրդում է OpenAI-ը վերահսկելու և իր սեփական xAI արհեստական բանականության լաբորատորիան առաջ մղելու անհաղթահարելի ցանկությունը։
Ընկերությունը հայտարարել է, որ Մասկը մասնակցել է OpenAI-ի նոր կառուցվածքի ստեղծման քննարկումներին և պահանջել է, որ հենց իրեն գլխավոր տնօրեն նշանակեն։ Microsoft-ը, որը ևս պատասխանող կողմ է, հերքում է OpenAI-ի հետ դավադրության վարկածը և հայտարարում, որ համագործակցությունը սկսել է միայն Մասկի հեռանալուց հետո։





























