Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի` Թբիլիսիում գտնվող բնակարանի առք ու վաճառքի պայմանագիրը փետրվարի 23-ին կնքվել է եւ բանալին հանձնվել հայկական կողմին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ով այդ պահին գտնվում էր Թիֆլիսից-Երեւան ճանապարհին: «Բանալիների զրնգոցը լսեցիր»,- ասաց Լեւոն Անանյանը` զրնգացնելով դրանք:

Նրա խոսքով` հայկական կողմը բնակարանը ձեռք բերելու համար վճարել է 145 հազար դոլար, որը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը փոխանցել է Համահայկական գրական հիմնադրամին:

Բանալիները ժամանակավորապես կհանձնվեն Համահայկական գրական հիմնադրամին, մինչ տունը վերանորոգվի եւ գործարկվի` որպես Հովհաննես Թումանյանի անվան մշակութային օջախ:

Հարցին, թե հնարավո՞ր է` բանալիները հանձնեք Վարդան Ղուկասյանին, նա պատասխանեց. «Ոչ, Վարդան Ղուկասյանն այստեղ կապ չունի, նա արեց բարեգործությունը եւ նվիրեց հայ ժողովրդին»: Ինչ վերաբերում է վերանորոգմանը, Հայաստանի Գրողների միության նախագահը նշեց, որ տան նախկին սեփականատեր Արչիլ Լեժավան մեծ մասամբ վերանորոգել է, մի քանի հազար դոլարի աշխատանք է մնում կատարել, մասնավորապես` հատակը կարգի բերվի, պատերը ներկվի, որը այդքան էլ մեծ գումար չի կազմի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Թբիլիսիում գտնվող տունը կգնի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Քաղաքապետը նույնիսկ պարտավորագիր է գրել այդ մասին: Իսկ դրանից առաջ լուրեր էին շրջանառվում, որ Թումանյանի տուն-թանգարանը գնելու է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունները հերքվեցին: Նշենք, որ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ մի խումբ մտավորականներ հունվարի 19-ին մեկնել են Թբիլիսի`պարզաբանելու Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վաճառքի հետ կապված խնդիրները: Թբիլիսիից վերադառնալով, Լեւոն Անանյանը հայտարարել է, որ Թումանյանի տան սեփականատերը ազնիվ երիտասարդ է, որը պատրաստ է հայկական կողմից վաճառել տունը, եթե իր համար նույն թաղամասում տուն գտնեն: Հետագայում հայտարարվեց, որ արդեն կա հայ գնորդ, որը պատրաստ է տունը գնելուց հետո նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը վաճառվելու մասին հաղորդագրություն էր տարածել Թբիլիսիի հայ համայնքը: Դրանում նշվում էր, որ 90-ականներին թանգարանի մի հատվածը հանձնվել է մի գործարարի, ով այսօր տուն-թանգարանը պատրաստվում է վաճառել վրաց-թուրքական «Ջեո Թուրան» ընկերությունը: Վերջինն էլ, իր հերթին, այն դարձնելու է թուրքերի համար նախատեսված հանրակացարան: Թբիլիսիի հայ համայնքի տվյալներով՝ «Ջեո Թուրանը» Թումանյանի ծոռ Ալեն Թումանյանին առաջարկել է վաճառել տուն–թանգարանի երկրորդ հարկը, սակայն մերժում է ստացել: