Մահացել է ռուս հայտնի գրող Վլադիմիր Նաբոկովի եւ Վերա Սլոնիմի միակ որդի Դմիտրին: Նա մահացել է Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում, 78 տարեկան հասակում` չունենալով անմիջական ժառանգներ:

Դմիտրի Նաբոկովը  օպերային երգիչ է եղել եւ գրական թարգմանիչ: Նա թարգմանել է հոր ստեղծագործությունները, ինչպես նաեւ հրատարակել նրա ստեղծագործությունների հետմահու պատրաստված ժողովածուները:

Հենց Դմիտրի Նաբոկովն է որոշել հրատարակել Վլադիմիր Նաբոկովի վերջին, անավարտ ստեղծագործությունը` «Լաուրան եւ նրա բնօրինակը» (The Original of Laura) վեպը:  Ավագ Նաբոկովը հանձնարարել էր վառել սեւագրերը, սակայն նրա այրին դա չի արել եւ թղթերը պահպանության է հանձնել շվեյցարական բանկերից մեկին:

«Հայրս ինձ ասել է իր համար ամենակարեւոր ստեղծագործությունների անունները: Դրանցից մեկը նա համարում էր  «Լաուրան»: Այն գրքի մասին, որը ցանկանում են ոչնչացնել, այդպես չեն արտահայտվում»,-այսպես է նա բացատրել հոր վեպը հրատարակելու իր որոշումը` հակառակ հեղինակի կամքի, գրում է utro.ru-ն: