Ռուսաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովը մտադիր է 2-3 ամսվա ընթացքում ստեղծել իր աջ լիբերալիստական կուսակցությունը: Այդ մասին Պրոխորովն ավելի վաղ գրել էր  «կենդանի մատյանի» իր բլոգում: Թեկնածուի շտաբում  «Կոմերսանտին» հայտնել են, թե ինչպես են դա նախատեսում իրագործել:

Քաղաքական նոր ուժի հիմնադրման կոնֆերանսները կսկսեն անցկացնել առաջիկա շաբաթներին: Կուսակցության բաժինները կստեղծվեն Միխայիլ Պրոխորովի հանրային ընդունարանների հիմքի վրա, որոնք գործում են 60 շրջաններում:

Առաջին կոնֆերանսները տեղի կունենան Նովոսիբիրսկում, Եկատերինբուրգում, Վլադիվոստոկում, Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում. այնտեղ, որտեղ Պրոխորովի ամենաուժեղ ներկայացուցչություններն են:

Թերթի տվյալներով` Պրոխորովն ակնկալում է կուսակցությունը ստեղծել երկու-երեք ամսում, ընդ որում` առաջին փուլում դրանում կներդնի սեփական միջոցները: Թեկնածուի շտաբում խոստովանել են, որ առայժմ չեն հաշվարկել, թե ինչ կարժենա կուսակցության ստեղծումը, բայց հաստատ գիտեն, որ թանկ չի լինի»:

Կուսակցության հնարավոր կողմնակիցների մասին նախագահի թեկնածուի շտաբում առայժմ չեն խոսում: Հայտնի է միայն, որ «Միխայիլ Պրոխորովի կուսակցության խոսնակ» կարող է դառնալ նրա քույր Իրինան, որը Վլադիմիր Պուտինին ներկայացնող Նիկիտա Միխալկովի հետ հեռուստաբանավեճում «ֆուրոր» էր առաջացրել, գրում է «Էքսպերտը»: