Աշխատանքային այցով Կորեայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, փետրվարի 23-ին, Հայաստանի արտաքին քաղաքականության ու հայ-կորեական հարաբերությունների մասին ելույթով հանդես է եկել Կորեայի Արտաքին հարաբերությունների եւ ազգային անվտանգության ինստիտուտի (Դիվանագիտական ակադեմիա) ուսանողների առջեւ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ելույթից առաջ նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել Արտաքին հարաբերությունների եւ ազգային անվտանգության ինստիտուտի ղեկավարության հետ, որոնք Հայաստանի արտգործնախարարին ծանոթացրել են քաղաքագիտական եւ կրթական կենտրոնի աշխատանքների ու ուսումնական ծրագրերի հետ: Անդրադարձ է կատարվել ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի եւ Կորեայի Արտաքին հարաբերությունների ինստիտուտի միջեւ համագործակցությանը:
Նալբանդյանը հյուրընկալվել է Կորեայի Ազգային ժողովում, ուր հանդիպում է ունեցել խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կիմ Չունգ-վանի եւ հանձնաժողովի անդամների հետ:
Կորեացի խորհրդարանականները որպես բարեկամական են բնորոշել հայ-կորեական հարաբերությունները եւ հույս հայտնել, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Սեուլ նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ Կորեայի խորհրդարանների միջեւ ձեւավորված համագործակցության կապակցությամբ եւ մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների եւ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Ավարտելով այցելությունը Կորեա՝ ԱԳ նախարարը ուղեւորվել է Վիետնամ:



























