Ինդոնեզիայի իշխանությունները օտարերկրացիներին, կանանց եւ անչափահասներին տարհանում են Բալի կղզու «Քերոբոքան» բանտից, որն արդեն երկրորդ օրն է գտնվում է ցուցարար կալանավորների լիակատար վերահսկողության տակ:

Բանտում պատիժ են կրում 120 կանայք եւ 13 անչափահասներ, ինչպես նաեւ 60 օտարերկրացի: Նրանց հնարավորության սահմաններում դուրս կբերեն բանտից, որպեսզի գաղութի զավթիչները կանանց եւ երեխաներին իբրեւ պատանդ չօգտագործեն:

Այս գիշեր ոստիկանությանը հաջողվել է բանտից դուրս բերել 31 բանտարկյալների:

300 տեղանոց բանտում գրեթե հազար բանտարկյալ է պահվում, որոնք դատապարտվել են թմրանյութերի առեւտրի, սեռական բնույթի հանցագործությունների եւ զինված հարձակումների համար: Բանտում անկարգություններն սկսվել են նախորդ շաբաթ, երբ բանտարկյալների հակամարտող խմբերի կռվի արդյունքում մեկ մարդ զոհվել էր:

Այսօր առավոտյան ոստիկանությունը եւ զինծառայողները գրոհի հերթական փորձն են ձեռնարկել, բայց այն հետ է մղվել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: