Օլիգարխ պատգամավորներից ընտրացուցակները մաքրելու մտադրությանը կարելի է վերաբերել միայն քմծիծաղով: Այդ մասին, այսօր` փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբացության ղեկավար Վահան Հովհաննիսյանը (ֆոտոռեպորտաժ):

«Մեծամասնական ընտրությունները մնում են իշխանամետ պատգամավորների զանգվածն ավելացնելու միջոց: Հենց այդ ընտրակարգը մնում է ընտրակեղծիքների հիմնական լծակը: Բոլորին հասկանալի է. խարդախությունները տեղի չեն ունենում ընտրության օրը: Լկտիաբանդիտական ժամանակներն արդեն անցել են: Կեղծիքներն սկսվում են շատ ավելի շուտ: Փողն արդեն հիմա են բաժանում: Բաժանում են, որպես կանոն, մեծամասնական թեկնածուները կամ նրանց շտաբները», - նշեց Վահան Հովհաննիսյանը: 

Հենց դա է պատճառը, որ նա «քմծիծաղով է վերաբերում» իշխող կուսակցության հայտարարությանը, թե իր համամասնական ցուցակում չեն հայտնվի գործարար պատգամավորներ: «Ոչ նախագահին, ոչ վարչապետին, ոչ էլ Ազգային ժողովի նախագահին տրված չէ քաղաքացիների այս կամ այն  խմբին արգելել մտնել Ազգային Ժողով: Բիզնեսմեն ես, հավաքարար ես, ուսւուցիչ, ես բժիշկ ես` կապ չունի: Օրենքին համապատասխանում ես, կարող ես անցնել խորհրդարան: Այլ բան է, որ խորհրդարանում արդեն պետք է համապատասխանես մի շարք կանոնների, այդ թվում ազատվես անհամատեղելի աշխատանքից: Բայց ասել, որ ի սկզբանե օլիգարխ չե՞ն բերի: Ինչո՞ւ չեն բերի: Չե՞ն կարողանա նրանց պարտադրել թողնել բիզնեսի կառավարումը», - հարցադրում արեց դաշնակցական գործիչը:

Այս կապակցությամբ նա մեկ անգամ եւս ընդգծեց, որ ՀՅԴ ընտրացուցակը դեռեւս հրապարաված չէ, եւ գերադասեց չպատասխանել այն հարցին, թե արդյոք ՀՅԴ համամասնական ցուցակում կհայտնվե՞ն գործարարներ:

Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի