Վերջին 10-15 տարվա ընթացքում Հայաստանում հանցավորության մակարդակը նույն մակարդակի վրա է մնում: Այս մասին, այսօր` փետրվարի 24-ին,  կայացած Հայաստանի գլխավոր դատախազության ընդլայնված նիստում հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Հանցավորության մի քանի տեսակների աճի եւ միաժամանակ որոշների նվազման ցուցանիշները մեկնաբանելով` Աղվան Հովսեփյանը նշել է, որ պատկերի նման փոփոխությունն էական չէ եւ իրադրության վրա չի ազդում: «Թեեւ ցանկացած դեպք էական է հանրության եւ իրավապահ մարմինների համար», - նշել է գլխավոր դատախազը:

Ըստ նրա` ԱՊՀ-ի երկրների եւ նույնիսկ Եվրոպայի համեմատ` Հայաստանում իրավիճակը լավ է: Այսպես, հանցագործությունների թվով Հայաստանը նախավերջին տեղում է` Տաջիկստանից առաջ, իսկ բնակչության թվի հարաբերակցությամբ` ընդհանրապես վերջին տեղում: Ընդ որում, Աղվան Հովսեփյանը հիշեցրել է, որ  հետեւողական աշխատանքի շնորհիվ Հայաստանն ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից հանվել է թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում վերահսկման կարիք ունեցող երկրների կազմից: «Չի կարելի չարաշահել վստահությունը: Այն նորից ձեռք բերելն ավելի դժվար կլինի», - նշել է Աղվան Հովսեփյանը: