«Եվրանեսթ»-ի խորհրդարանական հանձնաժողովը շոշափում է Ադրբեջանի նավթագազային շահերը: Նման կարծիք է հայտնել ՀՅԴ խմբակցության ղեկավար, «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն, այսօր` փետրվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ «Եվրանեսթ»-ը «Արեւելյան գործընկերության» խորհրդարանական ասամբլեայի նախաձեռնությունն է եւ ներառում է եվրոպական խորհրդարանների պատգամավորներին, ինչպես նաեւ նշված ծրագրի վեց երկրներին` Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը:

Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը եկել է Լեհաստանից եւ Շվեդիայից, այդ պատճառով էլ շատ առումներով շոշափում է նրանց շահերը, հիշեցրել է Վահան Հովհաննիսյանը:

«Հենց այդ պատճառով էլ ասամբլեայի աշխատանքի առաջնահերթությունների շարքում ընդգրկվել է էներգետիկ բազայի բաղկացուցիչը: Բնականաբար, տրամաբանական շեշտադրումը Ադրբեջանի վրա է արվում: Ռուսաստանին համարելով մոնոպոլիստ իր էներգետիկ մատակարարումների իրականացնելու ոլորտում` այդ երկրների համար շատ կարեւոր է գտնել այլ ուղիներ, օրինակ Հյուսիսային Աֆրիկան: Ադրբեջանը եւս հավանական տարբերակներից մեկն է»,-ասել է Հովհաննիսյանը:

Հայաստանը նվազ շահավետ դրության մեջ է գտնվում, եւ հայ պատգամավորները «Եվրանեսթ»-ում ջանքեր են գործադրում այդ գործոնի թուլացման ուղղությամբ: «Ասամբլեայում որոշումների ընդունման ժամանակ գործում է կոնսեսուսի սկզբունքը, այն դեպքում, եթե պատվիրակություններից մեկը հայտարարում է, որ նախագիծը շոշափում է այդ երկրի կենսական շահերը: Մեզ մինչ այժմ հաջողվել է պաշտպանել այդ սկզբունքը: Տեսնենք, թե ինչ կլինի ընտրություններից հետո»,-ասել է Հովհաննիսյանը: