2011թ. Հայաստանում 60 սպանություն է կատարվել`  2010թ.-ի 41-ի դիմաց: Այս մասին հաղորդել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն, այսօր` փետրվարի 24-ին կայացած Հայաստանի գլխավոր դատախազության ընդլայնված նիստում:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպանության փորձի 29 դեպք` 2010թ. 27-ի դիմաց: Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով` այդ տեսակի հանցանքների մեծ մասը կատարվել են Երեւանում, մասնավորապես` Էրեբունի, Նուբարաշեն, Կենտրոն եւՆորք-Մարաշ վարչական շրջաններում, ինչպես նաեւ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում: Միեւնույն ժամանակ, Ավան, Նոր Նորք, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններում, ինչպես նաեւ Արմավիրի, Լոռիի, Շիրակի եւ Տավուշի մարզերում  նվազել է նման հանցագործությունների թիվը:

Առայժմ նմանատիպ  17 հանցագործություններ չեն բացահայտվել, իսկ, ընդհանուր առմամբ, բացահայտումների մակարդակը կազմել է  71,6%`  2010թ.  73,1%-ի դիմաց: Սպանության փորձերի բացահայտման մակարդակը կազմել է 82,7%` 2010թ. 88,8%-ի փոխարեն:

Գլխավոր դատախազությունում բացատրել են սպանությունների թվի աճի պատճառը: Նախ, վերջին տարիների վիճակագրությունը վկայում է այն մասին, որ հանրապետությունում տարեկան  60-70 սպանություն է կատարվում, եւ 2010թ. ցուցանիշն ավելի շուտ բացառություն էր: Միեւնույն ժամանակ, Մ. Սարգսյանի խոսքով, չբացահայտված 19 դեպքերից 13-ը սկսվել են մարդկանց անհետացման փաստով: Այսինքն, բնավ պարտադիր չէ, որ այդ դեպքերում խոսքն անպայման սպանության մասին լինի: