Հայաստանում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների թիվը  2011թ. աճել է 70-ով կամ  7,9%-ով` համեմատած 2010 թ. ցուցանիշի հետ (883-953): Այս մասին հաղորդել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն, այսօր` փետրվարի 24-ին, Հայաստանի գլխավոր դատախազության ընդլայնված նիստում:

Գլխավոր դատախազության տվյալներով` 13 դեպքով կամ 7,1%-ով ավելացել է մահացու ելքով ճանապարհատրանսպորտային հանցանքների թիվը (182-195):

Նմանատիպ հանցանքների բացահայտումների մակարդակը կազմել է 89% (2010թ.` 88%): Չեն բացահայտվել այդ տեսակի  17 հանցագործություններ, դրանցից 9-ը կատարվել են Երեւանում, 3-ը` Արարատում, 2-ը` Արմավիրում, եւ մեկական դեպք Լոռիում, Արագածոտնում, Գեղարքունիքում: Թամազյանի խոսքով` նմանատիպ հանցանք գործելու համար դատարանի առջեւ կանգնած 96 քաղաքացիներից 61-ը դատապարտվել են ազատազրկման:

Ըստ գլխավոր դատախազի տեղակալի` մահացու ելքով ավտովթարների թվի աճը պայմանավորված է հանրապետություն մեծ քանակությամբ արտասահմանյան մեքենաների ներկրմամբ: Սակայն վերահսկող տեսախցիկների ու ռադարների տեղադրումը կբարելավի վիճակը, կարծում են գլխավոր դատախազությունում: