Թուրքիայի  վերահսկիչ խորհրդի կողմից Հրանտ Դինքի սպանության գործով պատրաստած 649 էջանոց զեկույցի «պետական գաղտնիք» կոչվող  6 էջանոց հատվածում ծանր մեղադրանքներ են ներկայացվում ոստիկանության եւ ժանդարմերիայի դեմ։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վերահսկիչ պալատի կողմից ներկայացված զեկույցից «Պետական գաղտնիք» գրությամբ անջատված 6 էջանոց հատվածում նշվել է, որ դեռեւս 2006-ի փետրվարին  հետախուզության գործակալ Էրհան Թունջելից ստացված տեղեկությունը, որ Յասին Հայալը պատրաստվում է սպանել Հրանտ Դինքին, Տրապիզոնի ոստիկանության կողմից տրամադրվել է Ստամբուլի ոստիկանության վարչություն, սակայն այն չի ուղարկվել Տրապիզոնի նահանգապետարան եւ Տրապիզոնի ժանդարմերիա։  Բացի այդ, Տրապիզոնի ժանդարմերիան այլ հետախուզական աղբյուրներից հստակ տեղեկացել է, որ Դինքի դեմ սպանություն է կազմակերպվում։

Նշվում է նաեւ, որ Ստամբուլի ոստիկանության աշխատակիցները, Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակիցները չեն իրականացրել Տրապիզոնից եկած գրության պահանջները եւ կեղծ զեկույց են ներկայացրել։

Զեկույցում հայտնվում է, որ մի շարք ոստիկանների, զինվորականների եւ պաշտոնյաների դեմ հետաքննություն սկսելու բավարար ապացույցներ կան։

Նշենք, որ օրեր առաջ հրապարկվել է նաեւ Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կազմում 2008-ին ստեղծված Դինքի սպանության գործով ենթահանձնաժողովը ներկայացրել է իրականացրած աշխատանքի զեկույցը։

«Հրանտ Դինքի դեմ կազմակերպվելիք գործողության մասին տեղյակ են եղել թե ոստիկանները, թե ժանդարմերիան, սակայն այն չի ուսումնասիրվել եւ անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացվել»,-նշվել է զեկույցում։