Սեւանի վիճակը վանադիումի պարունակության առումով մտահոգիչ չէ: Այդ մասին այսօր` փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը: Նրա խոսքով, ընդհակառակը, վերջին տարիներին Սեւանի ջուրը մաքրվել է, ինչի մասին վկայում է ջրի թափանցիկության բարձրացումը կենտրոնական մասերում, որ համարյա մոտեցել է բնական վիճակին: Ըստ Կ. Դանիելյանի, քանի որ Հայաստանի ընդերքը հարուստ է մետաղական հանածոներով, մեր գետերում մետաղների ֆոնային խտությունը բարձր է, սակայն դա աղտոտվածություն համարել չի կարելի: Գետերից մետաղները լցվում են Սեւան, ստեղծելով յուրահատուկ բնական ֆոն` վանադիումի եւ մագնեզիումի բարձր պարունակությամբ:
ՀՀ բնապահպանության նախարարության «Հայ Էկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սեյրան Մինասյանը նշեց, որ վանադիում կա նաեւ համաշխարհային օվկիանոսի ջրերում` 1 լիտրում 2.5 միլիգրամ: Սեւանում այդ ցուցանիշը կազմում է 5-6 միլիգրամ, որը վտանգավոր չէ, քանի որ բնական հոսքերի հետեւանք է: Նրա խոսքով` ՊՈԱԿ-ը առաջնորդվում է դեռեւս խորհրդային շրջանում սահմանված նորմերով, որոնք իրատեսական չեն, ներկայում նույնիսկ Եվրոպայում մետաղների պարունակությունը ջրում ավելի մեղմ նորմատիվներ ունի, քան Հայաստանում:
Սակայն Ս. Մինասյանը նշեց, որ Երեւանյան լճում առկա վանադիումի քանակությունը վտանգավոր է, քանի որ մասամբ ունի տեխնածին ծագում:




























