«Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունը Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մտադիր է հավաքել ձայների առնվազն 10%-ը: Այս մասին, այսօր` փետրվարի 24-ին, լրագրողներին հայտնել է «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը: Ըստ նրա` մարտի 3-ի համագումարին կուսակցությունը կհրապարակի իր համամասնական ցուցակը, ինչպես նաեւ համամասնական թեկնածուների անունները, որոնց նախատեսված թիվը շուրջ 15 – 20 կլինի:
«Ոչ մի կանխատեսում չեմ ուզում անել, ամեն ինչ կախված կլինի քաղաքացիների կամքից: Սակայն տարբեր հարցումները, ընդ որում նաեւ մեր կողմից արված, վկայում են, որ կուսակցությունը կհավաքի առնվազն 10%», – ասել է Շահգելդյանը:
Հիշեցնենք, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին «Օրինաց երկիրը» հավաքել էր ձայների ընդամենը 6,8% եւ խորհրդարանում ստացել 8 մանդատ: Մեծամասնական ընտրատեղամասերում կուսակցությունը մանդատներ չէր ստացել:
Այն հարցին, թե կփորձի «Օրինաց երկիրն» ինչ-որ ձեւով խորհրդարան մտցնել գործարար պատգամավորների, Շահգելդյանը պատասխանել է, որ նախընտրական ցուցակ կազմելիս կուսակցությունն առջնորդվելու է օրենքով: «Եթե ինչ-որ մեկը ցանկանա առաջադրվել մեծամասնական կարգով` նրա որոշումն է», – ավելացրել է Շահգելդյանը:




























