Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Երեխաների ու ընտանիքների սոցիալական բարեկեցությունը Հայաստանում՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների միջոցով» խորագրով համաժողովին:   

Վարչապետը ներկայացրել է կառավարության սոցիալական նոր քաղաքականության հիմնադրույթները, որոնք մշակվել են ՄԱԿ-ի եւ Համաշխարհային բանկի տեխնիկական օժանդակությամբ:

 Ինտեգրված սոցիալական ծառայության ներդրումը համարելով գերակա  խնդիր՝  Տիգրան Սարգսյանը նշել է, որ մշակված հայեցակարգով իրականացվել են պիլոտային ծրագրեր, որոնք ցույց են տալիս այս ծառայության արդյունավետությունը: «Մեր նպատակն է ունենալ մեկ պատուհանի սկզբունքով աշխատող գրասենյակներ եւ սոցիալական ծառայողներ, ովքեր քաջատեղյակ կլինեն սոցիալապես խոցելի ընտանիքների բոլոր խնդիրների մասին ու ամբողջական պատկերացում կկազմեն, թե այս կամ այն ընտանիքն ինչի կարիք ունի եւ որն է նրա համար առաջնային խնդիրը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար պետությունը եկամուտների ավելացման քաղաքականությունից անցում է կատարում ընտանիքների մարդկային կարողությունների ավելացման քաղաքականությանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ սոցիալական անհավասարություն ծնվում է երկու պատճառով՝ աշխատանքի բացակայության եւ կրթության անհասանելիության:

«Պետության ֆինանսական միջոցներն ուղղվելու են սոցիալապես խոցելի ընտանիքների անդամներին աշխատանքով եւ կրթությամբ ապահովմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաների միայն 10 տոկոսն է հնարավորություն ստանում կրթություն ստանալ բուհերում, այն դեպքում, երբ ապահովված ընտանիքների երեխաների 82 տոկոսն է ստանում բարձրագույն կրթություն: «Սա սոցիալական անհավասարություն ծնող կարեւորագույն պատճառներից մեկն է: Դա նշանակում է, որ պետությունն է հոգալու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթութան ծախսերը՝ պետպատվերի միջոցով: Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է լինի կրթությունը չշարունակելու պատճառ»,- ընդգծել է վարչապետը: