Պետք չէ հարմարեցնել օրինագծերը նախօրոք ենթադրվող ընտրակեղծիքներին: Այսօր` փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային Ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհանննիսյանը` մեկնաբանելով «Արտակարգ իրավիճակների մասին» օրինագիծը:
«Նման օրենք պետք է ունենա ցանկացած երկիր, սակայն այն ձեւը, որով դա խորհրդարան էր բերել կառավարությունը, իհարկե, ընդունելի չէր: Մի կետ կար, որ բոլորովին անընդունելի էր` արտակարգ իրավիճակի ժամանակ նախագահը կարող է չեղյալ հայտարարել ցանկացած պետական մարմնի որոշում: Սահմանադրությամբ դա ոչ մի կերպ չէր կարող վերաբերել Ազգային Ժողովին», - հիշեցրեց Վահան Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ կառավարությունը, հասկանալով, որ քննադատությունը ճիշտ է, հետ կանչեց օրինագիծը լրամշակման: «Օրենքը փորձեցին անցկացնել առաջին ընթերցմամբ: Թե ինչպես դա կատարվեց` ուրիշի փոխարեն կոճակ սեղմելով, տեսանք: Բայց դրանից հետո հասկացան, որ այդ տեսքով օրենքը հակասում է Սահմանադրությանը: Որքանով են ուղղվել այդ անթույլատրելի սխալները, ես դեռ ասել չեմ կարող, քանի դեռ օրինագծի նոր խմբագրությանը չեմ ծաոթացել: Սակայն մի բան կարեւոր է. ամեն պարագայում բանակի ներգրավումը ներքին քաղաքական խնդիրների մեջ անընդունելի է. այդպես է ամրագրված Սահմանադրությունում», - ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա, այդպիսի նախաձեռնությունները միանգամից մի քանի հարցադրում են առաջ բերում: «Ինչո՞ւ են հենց ընտրություններից առաջ անդրադարձել այդ հարցին: Այսինքն` կանխատեսո՞ւմ են այդպիսի իրավիճակներ: Ուրեմն պետք է հենց այդ իրավիճակների դեմ պայքարել` լցոնումների եւ կաշառքների, այլ ոչ թե դրանց հետեւանքների», - ասաց պատգամավորը:
Նրա խոսքով, պայքարի հիմնական թիրախներից մեկը պիտի դառնա մեծամասնական ընտրակարգը: Դրա առկայության դեպքում մկանային ջանքերը քիչ օգուտ կբերեն: «Կանգնենք դեմը, պառկենք չթողնենք լցոնեն, պինդ տղերք ուղարկենք»` այս մեթոդները վաղուց չեն անցնում», - նկատեց Վ. Հովհանիսյանը` նշելով, որ կեղծիքները հիմա կատարվում են ընտրություններից շատ առաջ` հիմականում հենց մեծամասնական «ֆավորիտների» ձեռքով:




























