ԲՀԿ-ի համար շատ հստակ է, թե կուսակցության համասնական ցուցակում առաջին համարն ով է լինելու. լինելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին, այսօր` փետրվարի 24-ին, համամասնական ցուցակների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վաֆե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով, իրենց կուսակցության համամասնական ցուցակը քննարկում են ԲՀԿ 63 տարածքային կազմակերպություններում, որոնք գործում են Հայաստանի ողջ տարածքում: Ըստ Էնֆիաջյանի, ԲՀԿ քաղաքական խորհուրդն իր հերթին բաղկացած է 217 անդամներից, ովքեր պատկառելի կենսագրություն ունեցող մարդիկ են, ուստի ԲՀԿ-ն մասնագետների եւ կադրային խնդիր չունի:
Այդուհանդերձ, նա նշեց, որ ԲՀԿ-ում կարեւորում են կուսակցությունը նոր մարդկանցով համալրումը, ովքեր նպաստ կբերեն ոչ միայն կուսակցությանը, այլեւ` Հայաստանին: Ի դեպ, Վահե Էնֆիաջյանը նկատեց, որ իրենք 2009թ-ից ի վեր կարեւորել են երիտասարդության մասնակցությունը քաղաքական գործընթացներում, հետեւաբար խոստմանը համաձայն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ-ի համամասնական ցուցակի 20 տոկոսը համալրված կլինի երիտասարդներով:
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի անդամակցությանը ԲՀԿ-ին, Էնֆիաջյանն ասաց, որ նա բավականին մեծ հարգանք ու փորձ ունեցող անձ է, հետեւաբար ԲՀԿ-ի համամասնական ցուցակում միանշանակ տեղ կունենա, իսկ թե որ հորիզոնականում կլինի, կորոշի ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդը:




























