Բունդեսվերը ժամկետից շուտ փակել է Թալոքանի իր ճամբարը` Աֆղանստանում ամերիկյան զինվորների կողմից Ղուրանի պատճեններն այրելու հետեւանքով տեղական բնակչության ցույցերի պատճառով: Ճամբարի փակումը նախատեսված էր մարտին:
Աֆղանստանում գերմանական հրամանատարությունը հայտնել է, որ Թալոքանի զինվորականներին ուղարկել են Քունդուզի ռազմակայան, որը գտնվում է 70 կմ հեռավորության վրա, հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով dpa-ին:
ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից Ղուրանն անարգելու լուրն ստանալուց հետո Թալոքանի գերմանական ռազմակայանի մոտ հավաքվել են շուրջ 300 ցուցարարներ եւ քարեր նետել նրա ուղղությամբ: Ընդհանուր առմամբ ճամբարում եղել է 50 զինվոր:
Ճամբարը ցուցարարների հարձակումներից պաշտպանելը շատ դժվար է եղել, քանի որ այն գտնվում է 200 հազարանոց քաղաքի հենց կենտրոնում:




























