ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնի հայ համայնքը ցույց է կազմակերպել, որպեսզի հարգի Սումգայիթում եւ Բաքվում ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակը:

Կոլումբիայի շրջանում ցույցի կազմակերպիչը հայ երիտասարդական «Անի» ֆեդերացիան էր, ինչպես նաեւ հայկական Սուրբ Մարիամ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը:

 «Մենք հավաքվել ենք Ադրբեջանի դեսպանատան մոտ` հարգելու Սումգայիթի եւ Բաքվի զոհերի հիշատակը, ինչպես նաեւ դատապարտելու Ալիեւի վարչակարգի կողմից հնչեցվող սպառնալիքները` ուղղված Հայաստանի եւ Արցախի դեմ»,- ասել է «Անի»  կազմակերպության նախագահ Թեւին Փոլատյանը:

Նա նաեւ նշել է, որ  այս շաբաթ ադրբեջանցի դիպուկահարի կողմից եւս մեկ հայ զինվոր է սպանվել: Նման գործողությունները, ըստ նրա, արդյունք են այն բանի, որ միջազգային հանրությունը չտեսնելու է տալիս Ադրբեջանի ռազմական հզորությունների աճը:

Ակցիայի մասնակիցները մոմեր են վառել եւ ցուցադրել սոսկալի ողբերգությանը զոհ դարձածների լուսանկարներ` դեսպանատան մոտ հիշատակի վայր սարքելով: