ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Աշտարակյան գինիներ»` «Գրեյթ Վելի» գործարանի աշխատակիցները հինգշաբթի օրվանից բողոքի ակցիաներ են կազմակերպել գործարանի մոտ: Աշխատակիցների դժգոհության պատճառը այն է, որ նրանք շուրջ 5 ամիս չեն ստացել իրենց աշխատավարձերը: Սակայն գործարանի սեփականատերերից` Տիգրան Արզաքանցյանի մայրը` Վարսենիկ Գրիգորյանը այդպես էլ հարկ չի համարել հանդիպել բողոքի մասնակիցների հետ:Այս մասին NEWS.am-ին ահազանգեցին գործարանի աշխատակիցները:
Նրանք հավատացնում են, որ պայքարելու են մինչեւ վերջ: Իսկ առաջիկա օրերին, եթե պատասխան չստանան իրենց դժգոհությունն են արտահայտելու նախագահական նստավայրում եւ կառավարության շենքի մոտ: Ի դեպ, աշխատակիցների պատմելով` աշխատավարձը տատանվում է օրեկան 3-4 հազարի սահմաններում, սակայն իրենք տեղեկություններ ունեն, որ իրենց բողոքի գործողությունը այնքան է զայրացրել Վարսենիկ Գրիգորյանին, որ նա նախընտրում է օրական 5 հազարով նոր աշխատակիցների վարձել, քան նրանց աշխատավարձերը տալ: Գործարանից մեզ հաջողվեց կապ հաստատել միայն պահակապետ Արամայիսի հետ, ով սակայն հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Բողոքի մասնակիցները ներկա դրությամբ անորոշ վիճակի մեջ են եւ սպասում են, որ եթե երկուշաբթի օրն էլ Վարսենիկ Գրիգորյանը իրենց ռեալ խոստումներ չտա իրենց բողոքի գործողությունները խոստացվածի պես շարունակեն Երեւանում: NEWS.am-ը զրուցեց նաեւ Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանի հետ, ով ասաց, որ ինքը եւս տեղյակ չէ, թե բողոքի գործողությունը ինչ ընթացք է ունեցել: Իսկ Տիգրան Արզաքանցյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել, քանի որ նա գտնվում է արտերկրում:




























