Սիրիայում այսօր,  տեղական ժամանակով ժամը  07.00-ին մեկնարկել է  նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ համընդհանուր հանրաքվե, որը նախաձեռնվել է իշխանությունների կողմից:

Ինչպես նշել է Սիրիայի ՆԳՆ տեղակալ Հասան Ջալյալին, հանրաքվեն լինելու է այնպիսի պայմանների ստեղծման երաշխիքը, որոնք արժանապատիվ կյանք կապահովեն Սիրիայի բնակչության համար:

Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչեւ տեղական ժամանակով ժամը  20.00-ն: Հանրաքվեին կարող են մասնակցել  քվեարկության իրավունք ունեցող ավելի քան 14,5 մլն սիրիացիները:  Իշխանությունները հայատարարել են, թե ձեռնարկել են անվտանգության խստացված միջոցառումներ` ընտրական տեղամասերում ահաբեկչություններ թույլ չտալու համար:

Միաժամանակ` Ստամբուլում հաստատված սիրիական ընդդիմության առաջնորդները կոչ են արել բոյկոտել հանրաքվեն: Euronews  հեռուստաընկերությունը հեռարձակել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի տեսակետը, ով զարմանք է հայտնում հանրաքվեի անցկացմամբ մի երկրում, որտեղ «մարտեր են մղվում խաղաղ ընդդիմության դեմ»: