Երկուշաբթի տեղական ժամանակով 10.00-ին (Երեւանի ժամանակով` կեսօրին) պաշտոնապես կհրապարակվեն Սիրիայում կիրակի օրը տեղի ունեցած հանրաքվեի նախնական արդյունքները:
Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» Դամասկոսում հայտնել է Սիրիայի արաբական հանրապետության ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը, ըստ նախնական հաշվարկների` հանրաքվեին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 60%-ը: Ընդ որում, նա նշել է, որ այդ տվյալները չեն ընդրգկում արտասահմանում ապրող 2,5 միլիոն սիրիացիներին: Որոշ տեղերում քվեարկությունը երկարաձգվել է մինչեւ տեղական ժամանակով 22.00-ն, որպեսզի բոլոր ցանկացողներին հնարավորություն տրվի մասնակցել դրան:
Նոր Սահմանադրության նախագծը ենթադրում է անցում բազմակուսակցական համակարգի եւ երեք ամիս անց խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Միեւնույն ժամանակ, արաբական մի շարք լրատվամիջոցներ, որոնք բացահայտ պաշտպանում են Թուրքիայում հաստատված Սիրիայի ընդդիմության մի մասի առաջնորդներին, հայտնել են, որ հանրաքվեի օրը «իշխանությունները 60 մարդ են սպանել»:
Տեղեկատվությունը հերթական անգամ տարածել են` հիմնվելով ընդդիմադիր անանուն աղբյուրների վրա: Միաժամանակ, Սիրիայի պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալության թղթակիցը Հոմսից հաղորդել է, որ ավելի քան 40 զինված ահաբեկիչներ հանձնվել են իրավապահ մարմիններին: Իդլեբ նահանգում սակրավորները վնասազերծել են 40-50 կգ քաշով 10 պայթուցիկ սարքավորումներ, որոնք ահաբեկիչները տեղադրել էին Ուվեյեդ ավանի Ջաբել Ազ-Զաբիա շրջանում:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը տարածել է քվեարկության կադրեր Հոմսից, որտեղ, համաձայն արևմտյան մամուլի, ռազմական գործողություններ են: Կադրերից դատելով` քվեսարկությունն անցել է խաղաղ պայմաններում: Euronews-ը դրանից հետո ստիպված եղավ ընդունել, որ քաղաքի մի մասը վերահսկում են իշխանական զորքերը:
Սիրիայում քվերակելու իրավունք ունի 14,6 մլն. քաղաքացի:




























