Ռուսաստանի վարչապետ եւ նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Պուտինն, այսօր` փետրվարի 27-ին, հանդես է եկել թվով յոթերորդ ծրագրային հոդվածով` «Ռուսաստանը եւ փոփոխվող աշխարհը» վերտառությամբ, որը հրապարակել է «Մոսկովսկիյե նովոստի» թերթը:
Արտաքին քաղաքականությանը նվիրված հոդվածում հեղինակը բացահայտ քննադատում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողությունները միջազգային ասպարեզում:
Ռուսաստանի վարչապետը ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին անվանում է «վստահություն շահող կողմեր» եւ հայտարարում, որ նրանց գործողությունների որոշ բաղկացուցիչներ ընկալելի չեն ժամանանակից զարգացման առումով եւ պայմանավորված են սահմանափակ մտածելակերպի կարծրատիպերով: Ռուսաստանը մեծապես դժգոհ է ՆԱՏՕ-ի ընդարձակումից եւ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծման ծրագրերից:
Պուտինը կարծում է, որ ամերիկացիները փորձում են բացարձակ անձեռնամխելիություն ձեռք բերել: «Բացարձակ անձեռնամխելություն մեկի համար, կնշանակի բացարձակ խոցելիություն բոլոր մյուսների համար: Այդ հեռանկարը ընդունելի չի կարող լինել»,-գրում է նա:
Այնուհետեւ Պուտինը քննադատության է ենթարկում ՄԱԿ-ում ՆԱՏՕ-ի գործողությունները. «Ոչ ոք իրավունք չունի յուրացնելու ՄԱԿ-ի արտոնություններն ու լիազորությունները, հատկապես այն ոլորտներում, որոնք վերաբերում են ինքնիշխան պետությունների հանդեպ ուժի կիրառման հարցերին»:
Պուտինը նաեւ կասկածի տակ է դնում «արաբական գարնան» իրադարձություններում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողությունների «նպատակների ազնվությունը»: Նրա կարծիքով, դրա հետեւում կանգնած են ոչ թե ժողովրդավարության հաստատման եւ մարդու իրավունքների պաշտպանության միտումներ, այլ «շուկաների փոփոխման շահագրգռվածություն»:
Այդ կապակցությամբ հեղինակը հիշեցնում է Լիբիայի արյունահեղությունները. «Գործը նրան հասավ, որ մի քանի պետություններ հումանիտար կարգախոսների քողի ներքո օդուժի միջոցով հաշվեհարդար տեսան լիբիական վարչակարգի հետ: Եւ որպես ապոթեոզ` հաշվահարդար Քադաֆիի հետ նույնիսկ ոչ թե միջնադարյան, այլ նախնադարյան ձեւով»:
Այժմ փորձում են լիբիական սցենարը կրկնել Սիրայում, իսկ Ռուսաստանը, դառը փորձից ելնելով, անում է ամեն հնարավոր, որ թույլ չտա այդ դեպքերի կրկնությունը: Պուտինը մտավախություն ունի, որ ԱՄՆ-ը եւ մի շարք այլ երկրներ կփորձեն ուժային սցենարը իրականություն դարձնել, շրջանցելով ՄԱԿ-ի ԱԽ-ն, իսկ այդ վտանգավոր քայլը «կխախտի միջազգային անվտանգության համակարգը եւ մեծ հարված կհասցնի ՄԱԿ-ի հեղինակությանը եւ կենտրոնական դերակատարությանը»:
Շարունակելով «արաբական գարնան» թեման` Պուտինը անդրադառնում է ինտերնետում խոսքի ազատության եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հարցին`որպես ներքին եւ միջազգային քաղաքականության գործիք: Նա նշում է, որ նման «փափուկ ուժը» բազմիցս օգտագործվում է ծայրահեղականության, անջատողականության, ազգայնականության աճեցման եւ հրահրման, հասարակական կարծիքի վրա ազդելու, ինքնիշխան պետությունների ներքաղաքական կյանքին միջամտելու նպատակով:
Այնուհետեւ Պուտինը անդրադառնում է ավանդաբար անհանգստություն հարուցող երկրների եւ Արեւմուտքի հարաբերություններին: «Արեւմուտքը շատ է տարվում առանձին երկրների պատժելու ցանկությամբ: Մի թեթեւ առիթ եւ սկսում են կիրառել պաժամիջոցային, հետո էլ ուժային մեթոդները»,-գրում է նա: Ավելին, ռուս վարչապետը արեմտյան երկրներին մեղադրում է, որ նրանք իրենց քաղաքականությամբ նպաստում են միջուկային զենքի տարածմանը եւ հատկապես հրահրում են ավտորիտար վարչակարգ ունեցող երկրներին նման զենք ձեռք բերել:
Նման քաղաքականության զոհերից է Իրանը, որի գլխին կախվել է ռազմական հարվածի վտանգը: «Եթե դա տեղի ունենա, ապա հետեւանքներն իսկապես աղետալի կլինեն: Դրանց իրական ծավալները պատկերացնել հնարավոր չէ»,-զգուշացնում է Պուտինը:
Պուտինը անդրադարձել է նաեւ Աֆղանստանի թեմային: «Հայտարարելով 2014-ին Աֆղանստանից հեռանալու մասին` ամերիկացիները զբաղված են այնտեղ եւ հարեւան երկրներում ռազմաբազաների ստեղծմամբ, ընդ որում առանց մանդատի, նպատակներիի եւ գործողության ժամկետների սահմանման: Բնական է, որ դա մեզ դուր չի գալիս»,-գրում է նա: Ալյանսի վերահսկողության ներքո գտնվող միջազգային ռազմական կոնտինգենտը չլուծեց առաջադրված խնդիրները. Ռուսաստանի հարեւան այդ երկրից բխող ահաբեկչական վտանգը չի նվազել, իսկ թմրավաճռության մակարդակը բարձրացել է: Նա հայտարարում է, որ Ռուսաստանը պատրաստ է լրջորեն ընդլայնել իր դերը Աֆղանստանի օգնության գործողություններում, եթե միջազգային կոնտինգենտը զբաղվի թմրավաճառությամբ զբաղվողների ֆիզիկական ոչնչացմամբ:




























