Գերմանիայի ներքին գործերի նախարար Հանս Փեթեր Ֆրիդրիխը «Շպիգել» շաբաթաթերթում հրապարակված հոդվածում խորհուրդ է տվել Հունաստանին դուրս գալ եվրագոտուց: Նման որոշումն, ըստ նրա, Աթենքը պետք է ընդունի ինքնուրույն:
«Քրիստոնեասոցիալական միություն» կուսակցությունը (ՔՍՄ) ներկայացնող նախարարը կարծիք է հայտնել, որ Հունաստանի վերածնման հնարավորությունները, բնականաբար, ավելի բարձր կլինեն, եթե նա լքի արժութային բլոկը, քան եթե մնա այնտեղ, գրում է dni.ru-ն:
Դրան ի պատասխան` Հունաստանի վարչապետի տնտեսության հարցերով խորհրդական Գիկաս Խարդուվելիսը հայտարարել է, որ Հունաստանն արդեն կատարել է իր պատմական ընտրությունը եւ կմնա եվրագոտում:
Ըստ նրա` երկրի դուրս գալը եվրագոտուց «կհանգեցնի միայն ինֆլյացիայի աճին, աշխատավարձերի կտրուկ իջեցմանը, բազմաթիվ կազմակերպությունների կազմալուծմանը, ինչպես նաեւ անշարժ գույքի շուկայում կորուստներին»: Նման ելքը «մարտավարական պարտություն» կլիներ, վստահ է ֆինանսիստը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Եվրախումբը հաստատել է Հունաստանին հատկացվելիք ֆինանսական օգնության երկրորդ փաթեթը` 130 միլիարդ եվրոյի չափով, որը գործող ծրագրից 110 միլիարդ եվրոյով ավելի է:




























