ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի գրասենյակը կոշտ քննադատության է ենթարկել ամբողջ Թուրքիայի տարածքում կառավարության կողմից հրահրվող հակահայկական ցույցերը:

Ամերիկահայերը կոչ են արել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին դատապարտել Անկարայի`հայերի հանդեպ ատելության եւ բռնության հրահրման հերթական փորձը:

«Ստամբուլի փողոցներում ներքին գործերի նախարարի եւ առաջատար քաղաքական կուսկացությունների գլխավորությամբ ընթացող հակահայկական ցույցերը ակնհայտորեն ուղղված էին ռասիզմի հրահրմանը, ուժեղացմանը եւ Թուրքիայի հայազգի քաղաքացիների եւ Հայաստանի քաղաքացիների հանդեպ բռնության կրկնմանը»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ միջազգային լրատվական գործակալությունները հաղորդել են, որ 20-ից 50 հազար մարդ է մասնակցել հակահայկական ցույցերին: Նրանք հանդես են եկել «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ սրիկա եք» եւ «Այսօր Թաքսիմ, վաղը Երեւան. Մենք հանկարծակի կայցելենք ձեզ գիշերը» կարգախոսներով: Ցույցներին մասնակցել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նայիմ Շահինը: