Այսօր` փետրվարի 27-ին, մեկնարկում են Հայաստանի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ 11-րդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 13 հարց եւ 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա  չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 119 հարց, այդ թվում` 17 միջազգային  պայմանագիր:

ԱԺ չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի  27-ից մարտի 1-ը  ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների  նախագծերը կհաստատվեն ԱԺ փետրվարի 27-ի նիստում:

Նշենք, որ վաղը` փետրվարի 28-ին Խորհրդարանական ընդդիմության պահանջով, ԱԺ-ն քննարկելու է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ հանրային լայն աջակցություն ստացած առաջարկը: Այդ առաջարկի նախաձեռնողներն են «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն:

Այդ կապակցությամբ, փետրվարի 28-ին, Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների Ազգային Ժողովին հարակից հատվածներում, ժամը 14:00-ից մինչեւ 16:30-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ Հայ ազգային կոնգրեսը հավաք են կազմակերպում: