Հակառակորդի դիպուկահար գնդակից ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի մահը քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Այդ մասին, այսօր` փետրվարի 27-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, վերջին երկու երեք ամսվա ընթացքում զգալիորեն թուլացել է լարվածությունը շփման գծում. «Զինծառայողի սպանության այդ դեպքը չէր բխում ադրբեջանական կողմի իրականացրած լարվածության թուլացման քաղաքականությունից:
Լարվածությունը թուլացել էր հունվարի 23-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո: Հանդիպման ժամանակ կողմերը ընդունել են ծայրահեղություններից խուսափելու անհրաժեշտությունը եւ հանդես եկել իրենց դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ ջանքեր գործադրելու օգտին»:
Մինասյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը վերջին շրջանում խուսափում է շփման գծում լարվածության հրահրումից, ավելին, վերջին դեպքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին: «Ելնելով այն հանգամանքից, որ շփման գծում տասնյակ հազարավոր զինվորներ են գտնվում, հնարավոր է, որ Տավուշի շրջանում զինվորի մահը պատահականություն չէր, սակայն դա ադրբեջանական կողմի հեռուն գնացող ռազմավարության արդյունք չէ: Բազմիցս նշվում էր, որ Ադրբեջանը ցանկանում է դիպուկահարներին օգտագործել շփման գծում մշտական լարվածություն ստեղծելու համար եւ որպես լծակ հայկական կողմի դեմ: Սակայն անցյալ տարվա վերջին, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հասկացավ, որ այդ ռազմական շանտաժի գործոնը չի աշխատում, ինչպես նաեւ միջազգային հանրության ճնշման ներքո, առաջին հայացքից թվում է, որ Բաքուն հրաժարվել է շփման գծում այդ քաղաքականության կիրառումից: Սակայն, ցավոք, նման հատուկենտ դեպքեր դեռ տեղի կունանան»,-ասել է Մինասյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, այսօր` փետրվարի 23-ին, ժամը 13:50-ի սահմաններում, ծառայողական պարտականությունները կատարելիս Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել եւ զոհվել ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող 20-ամյա Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը:
Նշենք, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով («սպանություն»):
Ալբերտը զորակոչվել էր Երեւանի Մաշտոցի զինկոմիսարիատից: Նա բնակվում էր Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում:




























