Հայաստանում վերջին շաբաթներին նկատվում է ալյուրի գնի թանկացում: Այսօր` փետրվարի 27-ին Երեւանի Սուրմալու տոնավաճառում բարձր կարգի ալյուրի 50 կգ-անոց 1 պարկը վաճառվում էր 11-11.3 հազ. դրամով, ընդ որում` վաճառողները միանշանակ պնդեցին, որ օրվա ընթացքում ալյուրն էլի կթանկանա: Կկրկնվի արդյո՞ք նախորդ տարվա իրավիճակը, երբ տարեսկզբին ալյուրի գինը բարձրացավ մինչեւ 12.5 հազ. դրամ` 1 պարկի համար: 

Ցորենի ներկրմամբ եւ ալյուրի արտադրությամբ զբաղվող «Մանչո Գրուփ» ընկերության նախագահ Իվան Մուսոյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ալյուրը թանկացել է, դա պատճառաբանելով միջազգային շուկայում ցորենի թանկացմամբ, մասամաբ նաեւ փոխարժեքով:

Նշենք, որ միջազգային շուկայում փետրվարի 27-ի դրությամբ հաստատվել են ցորենի հետեւյալ գները: Չիկագոյի բորսայում փափուկ ցորենն արժե 1տոննա/235 դոլար: Փարիզի MATIF բորսայում բարձր կարգի 1 տոննա ցորենի արժեքը կազմել է 280 դոլար: Ընդհանուր առմամբ` վերջին մեկ ամսում իսկապես տեղի է ունեցել ցորենի միջազգային գների որոշ աճ, պայմանավորված հիմնականում բարձր պահանջարկով: Միեւնույն ժամանակ` ցորենի խոշոր արտադրող երկրներում 2012 թ. սպասվում է բարձր բերք, ինչի պարագայում ցորենի գնի վերջին թանկացումները կրում են կարճաժամկետ ու իրադարձային բնույթ: Ըստ վերջին տեղեկությունների` բարձր բերք է սպասվում հատկապես Ուկրաինայում, որը Հայաստանին ցորենի հիմնական մատակարարներից է:

Նշենք, որ հացի գնի թանկացում երեւանյան խանութներում առայժմ չի նկատվում: Սակայն եթե ալյուրի գնի բարձրացումը շարունակվի, ապա հացի գնի բարձրացումը կդառնա անխուսափելի: