Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը միանշանակ առաջադրվելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն դեռ չգիտի, թե որ ընտրատարածքում։ Այս մասին նա նշեց այսօր` փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում:
Դիտարկմանը, թե նախկինում նա հայտարարել էր, թե չի առաջադրվելու, Ռուբեն Հայրապետյանն արձագանքեց. «Նախկինում ասել եմ չեմ առաջադրվի, հիմա էլ ասում եմ կառաջադրվեմ։ Իմ իրավունքն է, կուզեմ կառաջադրվեմ, կուզեմ` չեմ առաջադրվի»։
Հարցին թե որտե՞ղ է առաջադրվելու, նա պատասխանեց, թե դեռ որոշված չէ, թե որտեղ պետք է առաջադրվի։ Լրագրողներից մեկի նկատառմանը, թե Ռուբեն Հայրապետյանը Ավան համայնքի բնակիչ է եւ մշտապես Ավանում է առաջադրվել, Հայրապետյանը նշել է, թե ինքը Հայաստանի հանրապետության քաղաքացի է եւ ցանկացած տեղում կարող է առաջադրվել։
Նշենք, որ տեղեկություններ կան, թե Ռուբեն Հայրապետյանը եւ Սամվել Ալեքսանյանը մտադիր են փոխվել ընտրատարածքներով։ Այսինքն՝ Ռուբեն Հայրապետյանը կառաջադրվի Մալաթիա-Սեբաստիայում, Սամվել Ալեքսանյանն՝ Ավանում։
Կան խոսակցություններ նաեւ, թե Ռուբեն Հայրապետյանը կառաջադրվի Կենտրոնում, եթե այնտեղ իր թեկնածությունը դնի հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանը բաժին հասավ հենց Ռուբեն Հայրապետյանին:




























