ՀԱԿ-ն այսօր հասարակությունում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժն է: Այս մասին այսօր` փետրվարի 27-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Լրագրողի հարցին, թե եթե ՀԱԿ-ը խորհրդարանում մեծամասնություն չկազմի, կշարունակի՞ աշխատանքները խորհրդարանում, թե կհրաժարվի մանդատներից, Մուսինյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ մենք ունենանք մեկ պատգամավոր, բայց տեղի ունենան շատ ազատ եւ արդար ընտրություններ, մենք դա կհամարենք հասարակության գնահատականը մեր գործունեությանը եւ մյուս քաղաքական ուժերի գործունեությանը: Մենք առաջինը կլինենք, որ կշնորհավորենք խորհրդարանական ընտրություններում հաղթած ուժին: Մեզ համար ամենաէականն այն է, որ Հայաստանում անցկացվեն ազատ եւ արդար ընտրություններ»:
Նրա խոսքով, այսօր ազատ եւ արդար ընտրություններին մեկ գլխավոր խոչընդոտ կա. դա Սերժ Սարգսյանի ղեկավարած վարչախումբն է ու ՀՀԿ-ն:
Մուսինյանը վստահ է, որ եթե լինեն ազատ եւ արդար ընտրություններ, ապա ՀԱԿ-ը խորհրդարանում ծանրակշիռ ներկայություն կունենա, իսկ եթե ընտրություններում լինի ծեծ ու ջարդ, ապա ՀԱԿ-ը կախված իրավիճակից իր որոշումը կկայացնի:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինչ-ինչ պայմանների դեպքում, վայր դնեն մանդատները, նա պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ով է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն, եթե գան իշխանության, ինչին ի պատասխան, Մուսինյանն արձագանքեց. «Եթե հաջողվում է ջարդել վարչախմբի մեջքը շատ ավելի երկրորդական է, թե ով կլինի ՀՀ-ի վարչապետը»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի մասին ՀԱԿ-ի պատկերացումներին,նա ասաց, որ այս պահի դրությամբ, որքանով որ ՀԱԿ-ը կարողանում է դատել ԲՀԿ-ի հայտարություններից, նրանք կողմ են քաղաքական քաղաքակիրթ մրցակցությանը եւ, եթե ԲՀԿ-ն ցուց տա, որ իրապես շահագրգռված է ազատ եւ արդար ընտրություններով, ապա այստեղ համգործակցության լայն դաշտ է բացվում:




























