ՀԱԿ-ի համամասնական ցուցակի հետ կապված, Լեւոն Տեր-Պետրոսյանի համար ընդունելի է ՀԱԿ-ի անդամ բոլոր 18 կուսակցությունների կոնսենսուսով ընդունված ցանկացած որոշում: Այս մասին, այսօր` փետրվարի 27-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը կասի իր ասելիքը:
Մուսինյանը տեղեկացրեց, որ հիմա քննարկումները ինտենսիվորեն շարունակվում են, ինչը շատ դրական է համարում, քանի որ բոլոր ասպեկտները քննարկելով եւ բոլոր հանգամանքները հաշվի առնելով կկարողանան հասարակությանը ներկայացնել ՀԱԿ-ի օպտիմալ համամասնական ցուցակը:
Ի դեպ, Արման Մուսինյանը նորմալ գնահատեց «Հանրապետություն» կուսակցության որոշումը, ըստ որի այդ ուժից ընտրություններին կմասնակցի միայն մեկ մարդ` Արամ Սարգսյանը, ով կլինի ՀԱԿ-ի ցուցակում: Նա նորմալ է վերաբերում նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանի այն արտահայտությունը, թե ՀԱԿ-ում կան ամբիցիոզ ուժեր:




























