Արտակարգ իրավիճակների նախարարությունում, փետրվարի 28-ին, տեղի կունենա Երեւան քաղաքում իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր սերնդի համակարգի փորձարկում-շնորհանդեսը։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ճապոնիայի կառավարության տեխնիկական համագործակցության շրջանակներում, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից «Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատման եւ կառավարման պլանավորման ծրագրով» (2010-2012 թթ.) նախատեսվեց ներդնել Երեւան քաղաքում իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր սերնդի համակարգ` հինգ նոր սեյսմիկ կայաններով, որոնք հագեցված կլինեն ժամանակակից թվային ինժեներային սեյսմոգրաֆներով:
Ստեղծվող համակարգը հնարավորություն կընձեռի սեյսմոգրաֆների գրանցումների օգնությամբ անմիջապես որոշել (իրական ժամանակում) երկրաշարժի հիմնական պարամետրերը: Հինգ սեյսմիկ կայաններից ստացված տեղեկատվությունը կհաղորդվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրված համակարգի սերվերին: Իսկ սերվերի ժամանակակից ծրագրային ապահովման փաթեթների օգնությամբ ավտոմատ կգնահատվի Երեւան քաղաքի տարբեր տեղամասերում երկրաշարժի ուժգնության ազդեցությունը, ինչն էլ ավտոմատ շուրջօրյա կարտապատկերվի մոնիտորի վրա:
ԱԻՆ ՍՊԱԾ մասնագետները կներկայացնեն նոր համակարգը, այնուհետեւ այցելություն կկազմակերպվի համակարգի «Դավիթաշեն» սեյսմիկ դիտակայան, որից հետո ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում արհեստական երկրաշարժի միջոցով կիրականացվի նոր համակարգի փորձարկումը:




























