Թուրքիայի սոցիալիստ ադրբեջանցիների միությունը դատապարտել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում  Խոջալուի դեպքերին նվիրված ցույցի ժամանակ հնչած հակահայկական հայտարարությունները։

Firat գործակալության փոխանցմամբ՝  Թուրքիայի սոցիալիստ ադրբեջանցիների միության տարածած հայտարարության մեջ նշվել է, թե անթույլատրելի է Խոջալուի իրադարձություններն դարձնել քաղաքական գործիք եւ այն օգտագործել 1915-ի հայկական ողբերգությունը ժխտելու համար։

«Անհրաժեշտ է վերջ դնել ժողովուրդների միջեւ թշնամություն սերմանող գործողություններին։ Մենք դատապարտում ենք նաեւ այն, որ Թուրքիայում ապրող հայերի հանդեպ համերաշխություն արտահայտող «Բոլորս հայ ենք» արտահայտությունը ցույցի ժամանակ վերափոխվել է «Բոլորս ադրբեջանցի ենք» արտահայտությամբ»,-նշվել է հայտարարության մեջ, որն ավարտվել է «Կեցցե ժողովուրդների եղբայրությունը» կարգախոսով։