Փետրվարի վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունների ավանդույթի համաձայն հակահայկական հիստերիա են բարձրացնում` փորձելով ամեն կերպ խեղաթյուրել Խոջալուի իրադարձությունները:

Հարեւան երկրի քարոզչամեքենան այս անգամ չափից ավելի «լավ» է աշխատել: Ադրբեջանի առաջատար լրատվական գործակալություններից մեկը`APA-ն, տեղեկություն է տարածել, որ «փետրվարի 26-ին Արեւելյան Ադրբեջան իրանական նահանգի մայրաքաղաքում` Թավրիզում երթ կկազմակերպվի` կապված Խոջալուի ցեղասպանության 20-ամյակի հետ: Երթի մասնակիցները, անցնելով քաղաքի կենտրոնական փողոցներով, ակցիա կկազմակերպեն Թավրիզում Հայաստանի հյուպատոսության դիմաց»:

Մի կողմ թողնելով ադրբեջանցի գործընկերների աշխարհագրական ընկալումների հարցը`ուղղակի նշենք, որ Թավրիզում Հայաստանի Հանրապետությունը հյուպատոսություն չունի, իսկ երկրի դեսպանությունը գտնվում է Թեհրանում: Հետեւաբար, հերթական անգամ ադրբեջանական լրատվամիջոցները մոլորության մեջ են գցել իրենց ընթերցողներին` տեղեկություն տարածելով այն մասին, որ ակցիա է կազմակերպվել Թավրիզում`Հայաստանի` գոյություն չունեցող հյուպատոսության առջեւ: