Բոլոր նախադրյալները կան ընթացիկ տարում հասարակական տրանսպորտի աշխատանքը բարելավելու եւ սպասարկման որակը բարձրացնելու համար, ինչին կնպաստի նաեւ երթուղային նոր ցանցի ներդրումն ու նոր ավտոբուսների շահագործումը: Այս մասին այսօր` փետրվարի 27-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության  ժամանակ, ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:  Քաղաքապետը նշել է որ չնայած,  կանոնակարգման ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց ընդհանուր առմամբ վիճակը գոհացուցիչ չէ:

Իսկ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ամփոփվում են հասարակական ավտոտրասպորտային միջոցների սպասարկման վերաբերյալ իրականացված մոնիտորինգի արդյունքերը:

Զեկուցվել է նաեւ, որ գույքագրվել են մայրաքաղաքում վերանորոգման անհրաժեշտություն ունեցող թվով 20 կանգառասրահները, կանգառագոտիներն ու 300 գծամետր ռետինե բարձակները: Առանձին հատվածներում վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են:

Անդրադառնալով սեփական եկամուտների` մասնավորապես աղբահանության վարձավճարների հավաքագրման գործընթացին, կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ համատիրությունների նախագահների հետ աշխատանքներ են տարվել աղբահանության վարձավճարների գանձման կարգի եւ ժամկետների տեղեկացման վերաբերյալ, քանի որ հունվարի 1-ից աղբահանության վճարը` որպես տեղական վճար, ենթակա է պարտադիր վճարման: Սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում կկիրառվեն համապատասխան տուգանքներ: