Եթովպիայի իշխանությունները համաձայն են ապաստան տրամադրել Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալահ Սալեհին: Նախկին նախագահը եւ նրա մի քանի հարազատներ կլքեն Եմենն արդեն մոտ օրերս: Եթովպիայում բանակցությունները վարել են Եմենի նախկին նախագահի օգնականները, հայտնում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, այսօր նախագահական պալատում կայացած երդմնակալության արարողության ընթացքում Ալի Աբդալա Սալեհը պաշտոնապես Եմենի նախագահի լիազորությունները փոխանցեց իր հաջորդին` Աբդ Րաբբո Մանսուր Հադիին:
Սալեհը, որը երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել էր 34 տարի, պաշտոնը սեփական կամքով չէր լքել, այլ այն բանից հետո, երբ երկրում իր հրաժարականը պահանջող տեւական հակակառավարական ցույցեր էին սկսվել: Նրան, սակայն հաջողվել է անձեռնմխելիություն ստանալ քրեական հետապնդումներից. այդպիսին էր պաշտոնից հեռանալու նրա պայմանը:




























