Միլիոնավոր աշխատավորներ այսօր` փետրվարի 28-ին, Հնդկաստանում գործադուլ են հայտարարել` պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում: Գործադուլին աջակցում են հնդկական առավել խոշոր արհմիությունները, ինչպես նաեւ ամենատարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող հազարավոր մանր արհմիություններ:

Գործադուլին մասնակցում են գրեթե բոլոր ոլորտների աշխատակիցները` տրանսպորտային, արդյունաբերական, բանկային, փոստային եւ այլն: Խոշոր քաղաքների կյանքը կաթվածահար է եղել. փողոցներում հասարակական տրանսպորտ չի երեւում, փակ են բանկերն ու գրասենյակները, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Ցուցարարներին չեն  միացել միայն բժիշկներն ու էլեկտրաէներգիայի ոլորտի, ինչպես նաեւ երկաթուղային տրանսպորտի աշխատակիցները:

Արհեստակցական միությունները պահանջում են աշխատանքի պայմանների բարելավում, սոցիալական փաթեթ, աշխատողների իրավունքների պաշտպանություն: Աշխատողները նաեւ բողոքում են երկրում բարձր ինֆլյացիայի դեմ, որը կրճատում է նրանց իրական եկամուտը:

Գործատուներն արդեն զգուշացրել են, որ աշխատավարձ չեն վճարի գործադուլի օրերի համար, ինչպես նաեւ սպառնացել են աշխատանքից հեռացնել արտահաստիքային աշխատակիցներին, որոնք մասնակցում են բողոքի ակցիային: