Հայոց ցեղասպանության մասին թիվ 304 բանաձեւի հիմնական հեղինակներ Ադամ Շիֆը եւ Ռոբերտ Դոլդը փետրվարի 27-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին նամակ են ուղարկել, որը ստորագրել են նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նրանց 59 գործընկերները: Նամակում պետքարտուղարին կոչ են անում հրաժարվել վերջերս կատարած հրապարակային հայտարարությունից, որտեղ նա սխալ է բնութագրել Հայոց ցեղասպանությունը` անվանելով այն «պատմական բանավեճերի հարց»:
Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:
Պետքարտուղար Քլինթոնին ուղղած իրենց նամակում հեղինակները նշել են, որ «Հայոց ցեղասպանության` որպես բաց հարցի պատմականորեն ոչ ճիշտ ներկայացումը` որպես լրացում ամերիկահայերի եւ ցեղասպանության մյուս զոհերի հիշատակի հանդեպ վիրավորանքին, ապահովում է նաեւ Ամերիկայի աջակցությունը Թուրքական հանրապետության`այդ ամոթալի ժխտման գործում»:
Նրանք պետքարտուղարին նաեւ հիշեցրել են 2006 թվականին նախագահ Օբամայի հետ, որն այն ժամանակ սենատոր էր, նախագահ Բուշին գրած նամակը, որումնշվում էր, որ Հայոց ցեղասպանությունը եղել է «1915 թվականին Օսմանյան կայսրությունում պարբերաբար իրականացվող եւ նախապես մտածված գործողություն… Ցեղասպանության զոհերն արժանի են մեր հիշողությանն ու արժանի վրեժին պատմության մեջ: … Մեր ազգի եւ համաշխարհային հանրության շահերից է բխում հիշել անցյալը եւ դասեր քաղել մարդկության դեմ կատարված այդ հանցագործություններից, որպեսզի դրանք չկրկնվեն»: Կոնգրեսականների նամակում նաեւ մեջբերվում է Քլինթոնի 2008 թվականին արված հայտարարությունը, երբ այն ժամանակ, լինելով սենատոր եւ նախագահի թեկնածու, նա հաստատել է, որ «Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ ահավոր դեպքերը ցեղասպանության վառ օրինակ են», եւ որ «մեր ընդհանուր բարոյականությունը եւ մեր ազգի հեղինակությունը մեզ կոչ են անում, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի եւ հիշվի Կոնգրեսի եւ ԱՄՆ-ի կողմից»:
Պետքարտուղար Քլինթոնը նախատեսում է ելույթ ունենալ եւ պատասխանել հարցերին Ներկայացուցիչների պալատի եւ ԱՄՆ-ի սենատի չորս առանձին հանձնաժողովներում մյուս շաբաթ: Հայ դատի գրասենյակը այդ հանձնաժողովներում աշխատող օրենսդիրներին կոչ է արել նրան հարցեր ուղղել նրա իսկ վիրավորական մեկնաբանությւոնների եւ հայ-ամերիկյան ընտրողների համար կարեւորություն ներկայացնող այլ խնդիրների վերաբերյալ:




























