Եվրագոտու առաջնորդների մարտի 2-ին նախատեսված գագաթաժողովը, որը պետք է կայանար եվրագոտու առաջնորդների հանդիպումից անմիջապես հետո, չեղյալ է հայտարարվել: Նման որոշման պատճառը եղել են տարաձայնություննեը, որոնք ի հայտ են եկել Գերմանիայի եւ եվրագոտու մյուս երկրների ղեկավարների միջեւ: Այս մասին AFP գործակալությանը հայտնել է ԵՄ ղեկավարությունում իր աղբյուրը:

Այդ գագաթաժողովում նախատեսվում էր քննարկել Կայունության եվրոպական մեխանիզմի (ESM) հիմնադրամի մեծացման հարցը: Խոշորագույն տնտեսություններ ունեցող երկրների ֆինանսների նախարարները հայտարարել են, որ այդ որոշումը էական կլինի, որպեսզի ոչ եվրոպական երկրները համաձայնեն ավելացնել Արժույթի միջազգային հիմնադրամի կապիտալը:

G20-ի հանդիպման նախօրեին որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ հայտարարել են, որ ESM-ն կարող է ավելացվել մինչեւ 750 մլրդ եվրո (շուրջ 1 տրլն դոլար):

ESM-ի մեծացման դեմ է հանդես գալիս Գերմանիան: Այդ երկրի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեյի խոսքով, դա կարող է խոչընդոտել բարեփոխումներին այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իտալիան եւ Իսպանիան: «Ոչ մի տնտեսական իմաստ չկա կայունացման հիմնադրամներում անվերջ փողեր ներդնելու, Եվրոպական կենտրոնական բանկի կողմից տպագրական մեքենայի գործի գցելու մեջ»,-ասել է Շոյբլեն, հաղորդում է Gazeta.ru-ն: