Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է «քաղաքական մումիաների»` վրացական քաղաքականություն վերադառնալու անթույլատրելիության մասին: Ըստ երկրի ղեկավարի` նրանք չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է գտնվել կառավարությունում եւ  «փող չաշխատել»:

Միխայիլ Սահակաշվիլին փետրվարի 27-ին Քվարելիի շրջկենտրոնում (Կախեթիի շրջան) բացել է նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն:

«Նրանց, ովքեր իրենց ժամանակին թալանում էին երկիրը, նյարդայնացնում է հավասարության գաղափարը, նրանց նյարդայնացնում ենք մենք: Նրանք ասում են, որ քաղաքականության մեջ փող չունեցողները տեղ չունեն, նմաններին պետք չէ ընտրել, պետք չէ նշանակել», - ասել է նախագահը` ելույթ ունենալով տեղի բնակիչների առաջ, ավելացնելով, որ «մումիաները վերադառնում են միայն ֆիլմերում, իսկ մենք պետք է նոր սերնդի համար ճանապարհ բացենք», հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Սահակաշվիլին խոսել է նաեւ վրացական գինու մասին` հայտարարելով, որ մի քանի տարի անց վրացական գինու պահանջարկը համաշխարհային շուկայում կգերազանցի առաջարկը:

«Մեր գինին նոր շուկաներ է ձեռք բերել, եւ դա մեր պատասխանն է մեր նկատմամբ կիրառած ռուսական բեռնարգելքի... Այն ժամանակ` 2006 թվականին, երբ կիրառվեց բեռնարգելքը, ես Պետերբուրգում տեսնվեցի Պուտինի հետ եւ ասացի նրան. դուք սխալ եք թույլ տվել բեռնարգելք կիրառելով, քանի որ կգա ժամանակ, երբ դուք կրկին  գինի կուզեք, եւ արդեն արգելք չի լինի, բայց մենք գինի չենք ունենա  ձեզ համար, քանի որ այն արդեն կգրավի այլ շուկաներ...», - հայտարարել է Վրաստանի նախագահը: