ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 թ. Աստանայում՝ երեք համանախագահների անունից, հայտարարել է, որ ԼՂ հարցով ներկայացված առաջարկությունների բոլոր սկզբունքներն ու էլեմենտները մշակվել են որպես մեկ ամբողջականություն եւ դրանք տարանջատելը, կամ մեկին մյուսի հանդեպ առավելություն տալն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ավստրիական «Der Standard» օրաթերթին տված հարցազրույցում:
Լրագրողի դիտարկմանը, թե ղարաբաղյան խնդրի լուծման հիմնական խոչնդոտ է հանդիսանում այն, որ Հայաստանը գրավել է ադրբեջանական տարածքի զգալի մասը, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի, Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը՝ ժողովրդի ֆիզիկական ապահովությունը երաշխավորելու նպատակով, ստիպված էին անվտանգության բուֆերային գոտի ձեւավորել Ղարաբաղի շուրջ: Տարածքների վերադարձը Մինսկի խմբի եռանախագահների կողմից / ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան - հեղինակ/ ներկայացրած ընդհանուր բանակցային փաթեթի տարրերից մեկն է: Սակայն եթե Ադրբեջանն շեշտը դնում է միայն տարածքների վերադարձի վրա եւ շրջանցում է առաջարկների մնացած բոլոր ասպեկտները, դրան ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 թ. Աստանայում՝ երեք համանախագահների անունից, հայտարարել է, որ ներկայացված առաջարկությունների բոլոր սկզբունքներն ու էլեմենտները մշակվել են որպես մեկ ամբողջականություն եւ դրանք տարանջատելը, կամ մեկին մյուսի հանդեպ առավելություն տալն անընդունելի է:
Նա անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմաններին, նշելով. «Հայաստանի նախագահի նախաձեռնությունից առաջ հայ-թուրքական հարաբերությունները փակուղում էին: Մենք փորձեցինք այդ փակուղուց դրանք դուրս բերել: Սակայն թուրքական կողմն ամեն ինչ անում է դրանք վերադարձնելու փակուղի: Ինչ վերաբերում է պատմաբանների հանձնաժողովին, ապա պայմանավորվածությունը հետեւյալն է՝ սահմանների բացումից, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որի շրջանակներում կգործեն մի շարք ենթահանձնաժողովներ: Դրանցից մեկը ոչ թե պատմաբանների ենթահանձնաժողով է՝ քննարկելու Հայոց ցեղասպանության լինելու կամ չլինելու փաստը, ինչպես ներկայացնում է թուրքական կողմը: Դրա միակ նպատակը երկխոսության միջոցով՝ ներառյալ պատմական հարթությունը, վերականգնել երկու ժողովուրդների միջեւ վստահությունը: Բազմաթիվ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված Ցեղասպանության փաստը քննարկման ենթակա չէ: Կարող ե՞ք պատկերացնել, հրեաներին հրավիրել բանավեճի՝ քննարկելու հոլոքոստի եղելության փաստը»:




























