Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանությունում ծառայողական քննություն է անցկացվելու` կապված նախագահի նստավայրի դիմաց բանակում մահացած զինվորների մայրերի բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  Ղարաբաղում խաղաղ պայմաններում սպանված զինվոր Վալերի Մուրադյանի մայր` Նանա Մուրադյանը բաց նամակով դիմել է Հայաստանի ոստիկանապետին, որում, մասնավորապես, ասվում էր. «2012թ. փետրվարի 23-ին Կառավարության շենքի դիմաց` սպանված զինվորների ծնողների հետ կազմակերպել էինք բողոքի ակցիա, որի ժամանակ խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողները եւ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը ուղեւորվեցին դեպի նախագահական` պահանջելով բանակային գործերի դատաքննության թափանցիկության ապահովումը: Ես` Ղարաբաղում սպանված զինվորի մայր Նանա Մուրադյանս, քիչ ուշացումով հասա նախագահական, մոտեցա դարպասներին, պարզեցի որդուս լուսանկարը, որպեսզի ճաղերից այն կողմ մեր երկրի նախագահը տեսնի եւ հիշի, որ ինքը 2011թ-ի հունվարի 27-ի իր տված խոստումները չի կատարել եւ ոչ մի զինվորի սպանության գործ չի բացահայտվել, մեղավորները չեն պատժվել: Այդ ժամանակ 4-5 ոստիկան մոտեցան ինձ եւ հրելով ասացին, որ փողոցն այն կողմ անցնեմ: Ես նրանց ասացի, որ հիմա կանցնեմ, միայն թող իմ որդու նկարը տեսնի Սերժ Սարգսյանը, որ հիշի մեզ ու իր տված խոստումները: Այդ ժամանակ ոստիկանները սկսեցին հրել ինձ: Երբ ես ասացի` դուք ո՞վ եք, որ ինձ հրում եք, նրանցից մի ոստիկան հարվածեց թեւիս, որդուս նկարը ձեռքիցս խլեց ու ճմռթեց: Ես նրա ձեռքից քաշեցի որդուս նկարը. բարեբախտաբար նկարը շատ չէր ճմռթվել: Ես ոստիկանին ասացի, որ միգուցե իրեն կներեի ինձ հարվածելու, հրելու համար, բայց երբեք չեմ ների իմ սրբությունը, որդուս` Վալերի Մուրադյանի, նկարը անարգելու, անխղճաբար ճմռթելու համար: Ես պահանջեցի մի քանի անգամ, որպեսզի այդ ոստիկանը ներկայանա, սակայն, նա չներկայացավ: Այժմ ես դիմում եմ Ձեզ, որպեսզի պատժվի եւ գործից հեռացվի այն ոստիկանը, որը անարգել է որդուս հիշատակը»: