100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի դեպքում բոլոր պատգամավորները երեւանցի կլինեն: Նման կարծիք է հայտնել խորհրդարանի փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը, փետրվարի 28-ին, Ազգային ժողովում 100%-անոց համամասնական ընտրական համակարգին անցում կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում:
Օրինագիծը քննարկման է դրվել խորհրդարանական «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պահանջով, որոնց միացել են նաեւ արտախորհրդարանական Հայ ազգային կոնգրեսը եւ «Ազատ դեմոկրատները»:
Ինչպես նշել է Բալասանյանը, մեծամասնական ընտրատեղամասերի բացակայության դեպքում մարզերի ներկայացվածությունը խորհրդարանում գործնականում հավասար կլինի չլինելուն: «Համամասնական ցուցակներում մարզերից թեկնածուներ գրեթե չկան: Իսկ մեր խորհրդարանը միապալատ է, հետեւաբար այդ դերը պետք է կատարեն մեծամասնական պատգամավորները»,- նշել է Բալասանյանը:
Ընդ որում, նա կոչ է արել մեծամասնական պատգամավորներին չմեղադրել նիստերին եւ օրինագծերին արհամարհանքով եւ անփութությամբ վերաբերելու մեջ: «Պետք չէ որեւէ բնութագրումներ անել: Ես ինքս մեծամասնական կարգով եմ ընտրվել: 1999 թվականից իմ հաշվին կա 17 օրինագիծ, որոնց հեղինակ եւ համահեղինակ եմ: Այո, մեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ձգտում է 100% համամասնական համակարգի, սակայն այդ խնդիրը դեռեւս վաղաժամ է, եւ ներկա պահին այսօրվա համակարգը օպտիմալ է», – ասել է Բալասանյանը:




























