Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը կառավարության մարտի 1-ի նիստի օրակարգ է մտցրել Սյունիքի մարզի Լիճք համայնքի 0.425 հա տարածքում հողերի նպատակային օգտագործման կարգը փոխելու մասին: Դրա նպատակը 2 փոքր ՀԷԿ-երի կառուցումն է:

Սակայն այս որոշման նախագծի վերաբերյալ գյուղատնտեսության ու բնապահպանության նախարարություններն ունեն առարկություններ:

Նախ` գյուղատնտեսության նախարարությունը առարկել է 0.15 հա անտառը էներգետիկ կարիքներով օգտագործելուն: Նախարարությունն իր պաշտոնական պարզաբանման մեջ վկայակոչում է արել ՀՀ հողային օրենսգրքի 36-րդ հոդվածին, որով սահմանվում է հողերի պահպանման անհրաժեշտությունը:

Բնապահպանության նախարարությունն առաջարկել է առաջնորդվել ՀՀ կառավարության 2009 թ. N 1209-Ն որոշմամբ: Այս առաջարկն ուշագրավ է հետեւյալ առումով` նշված որոշմամբ Սյունիքում, Լիճք համայնքի հարեւանությամբ ստեղծվել է «Արեւիկ» ազգային պարկը: Փաստորեն` բնապահպանության նախարարության առաջարկում ակնարկ կա այն մասին, որ հէկ-ը գտնվելու է ազգային պարկի տարածքում: Փոքր ՀԷԿ-երի համար նախատեսված 0.425 հա հողամասերը գտնվում են Մեղրի գետի Տաշտուն եւ Գոզ Գոզ վտակների ափերին, մինչդեռ Մեղրի, Շվանիձոր եւ Նյուվադի գետերի ջրհավաք ավազանները, ինչպես նաեւ Լիճք անտառպետությունը գտնվում են «Արեւիկ» ազգային պարկի տարածքում:

Նշենք, որ ըստ կառավարության պաշտոնական կայքէջի տեղեկատվության` սույն հէկ-ը կառուցելու որոշման նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: